Նորություններ

Ազգային ձգտումներ ԵՄ ներսում

26 / 07 / 2022

Ինչպես գրել էինք ավելի վաղ, ուկրաինական հակամարտության ֆոնին Եվրոպան բաժանվել է «խաղաղության» և «արդարության» ճամբարների։ Առաջինի կողմնակիցները խաղաղություն են ուզում հիմա՝ նույնիսկ Ռուսաստանին ուկրաինական զիջումների գնով։ Արդարության ճամբարը կարծում է, որ միայն Ռուսաստանի բացահայտ պարտությունը կարող է խաղաղություն բերել։

Հունգարիան ուկրաինական հակամարտության դադարեցման առաջամարտիկներից է:

Նախ և առաջ հունգարական կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց էներգետիկայի ոլորտում և արգելեց Հունգարիայից բոլոր տեսակի վառելիքի, այդ թվում՝ վառելափայտի արտահանումը։ Ապա Հունգարիայի խորհրդարանը կոչ արեց սահմանափակել Եվրախորհրդարանի լիազորությունները և առանձին պետություններին իրավունք տալ վետո դնել ԵՄ-ի այն որոշումների վրա, որոնք չեն համապատասխանում իրենց շահին: Հունգարիան պնդում է նաև, որ հակառուսական պատժամիջոցային քաղաքականությունը չի արդարացնում իրեն. «ԵՄ-ին անհրաժեշտ է նոր ռազմավարություն Ուկրաինայի հակամարտության համար»,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, իսկ ԱԳՆ Պիտեր Սիյարտոն իր հերթին հայտարարել է, որ հրաժարվում է անգամ քննարկել «Գազպրոմի» և ընդհանրապես ռուսական գազի դեմ սահմանափակող միջոցները։ Այսկերպ Հունգարիան ցանկանում է մնալ հաջողված լոկալ բացառություն համաշխարհային ճգնաժամի ժամանակ, որը ազդելու է Եվրոպայի և Միացյալ Նահանգների վրա։ Այնուամենայնիվ, Հունգարիայի դժգոհությունները չեն սահմանափակվում տնտեսական դաշտում, քանի որ խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը որպես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների բուն պատճառ անվանել է «ԱՄՆ-ի հակառուսական ռազմավարության իրականացման փորձը»։ Բացի այդ՝ Հունգարիան ստեղծել է պաշտպանության խորհուրդ Վ․ Օրբանի գլխավորությամբ՝ քաղաքական որոշումներ կայացնելու հատուկ լիազորություններով։

Եվրոպայից անջատման միտումը դրսևորվում է նաև եվրոպական արժեհամակարգից զատվելու և ազգային արժեքները պահպանելու ցանկությամբ. «Մենք պետք է հեռու մնանք պատերազմից, միգրացիայից, գենդերային խելագարությունից, համաշխարհային նվազագույն հարկից և համաեվրոպական անկումից»,- հավելել է Հունգարիայի վարչապետը։ Ընդ որում, Հունգարիան պատրաստակամություն է հայտնել նաև անհրաժեշտության դեպքում պաշտպանել Անդրկարպատյան հունգարացիներին և պատրաստել է «ռազմական արտակարգ իրավիճակների սցենարներ»։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պ․ Սիյարտոն՝ պատասխանելով հունգարական զորքեր Ուկրաինա տեղափոխելու հնարավորության մասին հարցին: «Առաջիկա դժվարին ժամանակաշրջանում մեր ազգային ձգտումները պահպանելու համար մենք պետք է միասին մնանք»,- եզրափակել է Վ․ Օրբանը։

Սրանք, սակայն, Հունգարիայի կողմից միակ կոշտ դիրքորոշումները չեն։ Պ․գ․թ․ քաղաքագետ Վադիմ Տրուխաչյովը ВЗГЛЯД ամսագրին տված հարցազրույցում անդրադառնում է Հունգարիային՝ որպես անկախ քաղաքականության մոդել Եվրոպայում: Հեղինակը նշում է, որ «հունգարական իշխանություններն արել են մի շարք հայտարարություններ ու գործողություններ, որոնք միանշանակ չեն տեղավորվում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս հակառուսական և ուկրաինամետ կուրսի մեջ: Նման քայլերը զարմանալի են թվում, քանի որ Հունգարիան ամենևին էլ Եվրոպայի ամենամեծ և ամենահարուստ երկիրը չէ։ Այն մեծապես կախված է համաեվրոպական հիմնադրամներից ստացված եկամուտներից, և մի գլուխ ավելի աղքատ է, քան թեկուզ նույն Չեխիան: Բացի այդ՝ այն չունի ելք դեպի ծով։ Վերջապես մեր առջև ամենևին էլ Սերբիան չէ՝ իր բառացիորեն «բնածին» ռուսասիրությամբ։ Ռուս-հունգարական և խորհրդա-հունգարական հարաբերությունները լավագույնը չէին»։ Հեղինակը առանձնացնում է մի քանի կետեր՝ որպես Հունգարիայի վարքագծի բացատրություն։ Ստորև շարադրում ենք նաև դրանք.

 

  • Այս վարքագծի առաջին բացատրությունն առանձնահատուկության զգացումն է: Հունգարացիները ժամանակակից Եվրոպայի միակ ժողովուրդն են, որոնց նախնիները եղել են քոչվորներ: Այս տարանջատման հետևանքը հունգարացիների համեմատաբար թույլ «ներգրավվածությունն» է ընդհանուր եվրոպական տանը:
  • Երկրորդ հատկանիշը անկախության ձգտումն է և ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը:
  • Երրորդ հատկանիշը հունգարական պետության ու հասարակության պահպանողականությունն է:
  • Այս ամենից բխում է չորրորդ հատկանիշը. եթե ​​խնդիրներ կան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ապա Հունգարիայի քաղաքականությունը դառնում է բազմավեկտոր։ Այստեղից էլ Վ․ Օրբանի պատրաստակամությունը՝ զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի հետ:
  • Վերջապես Հունգարիայի հինգերորդ հատկանիշը պառակտված ժողովրդի սինդրոմն է: Սկզբունքորեն այս վերջին կետը բավական է Ուկրաինայի «փրկությանը» մասնակցելուց հրաժարվելու համար։ Բայց քանի որ Հունգարիայի ձեռքերը հասնում են նաև այլ հարցերի, մյուս չորսը նույնպես ուժի մեջ են մտնում։

 

Related Posts

One thought on “Ազգային ձգտումներ ԵՄ ներսում

  1. Your article helped me a lot, is there any more related content? Thanks!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *