Նորություններ

Արևելյան առևտրի թուրքական երանգները

16 / 08 / 2022

Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են Թուրքիային ռուսական (ЗРС)  С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր։ Այս մասին օգոստոսի 15-20-ը Մոսկվայում ընթացող «Բանակ-2022» միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ФСВТС) տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Ընդ որում, ստորագրված փաստաթուղթը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության  տեղայնացում։

Շուգաևը հայտնել է, որ ներկայումս ընդանում է պայմանագրի գործնականում իրականացումը։ «Ընթացիկ տարում ձևավորված քաղաքական բարդ իրադրությունը  բացասական է ազդել գործընկերների հետ ռուսական կողմի փոխազդեցության որոշ ասպեկտների վրա։ Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ընթանում է երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների հունով»,-ասել է նա։

Հետաքրքրական է, որ այս պահին զուգահեռ ընթանում են բանակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների մատակարարման և մոդեռնիզացիայի խնդրի շուրջ։ Այս նպատակով օգոստոսի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տեխնիկական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ։ Այդ մասին օգոստոսի 1-ին հայտնել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի և Ռուսաստանի միջև  Մոսկվայի կողմից Թուրքիային ЗРС С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է դեռ 2017 թ․-ին։ ՆԱՏՕ անդամ երկրներից Թուրքիան առաջինը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից, ինչն աննախադեպ երևույթ էր։ Թուրքիայի այս քայլը առաջ բերեց ԱՄՆ-ի և առհասարակ ՆԱՏՕ-ի բացասական արձագանքը, միջազգային սկանդալ ծավալվեց երկու երկրների միջև։ Վաշինգտոնը շարունակաբար ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա ռուսական С-400 համակարգերից ամերիկյան Patriot համանման համակարգերի օգտին հրաժարվելու համար՝ սպառնալով չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը, սակայն Թուրքիան մերժել է այդ առաջարկը։

Ի վերջո, 2021 թ․-ի ապրիլի 22 -ին ԱՄՆ-ը պաշտոնապես հեռացրեց Թուրքիային F-35-երի արտադրման՝ Համատեղ հարվածային կործանիչների ծրագրից (Joint Strike Fighter program)։ Դրանից հետո՝ 2021 թ․-ի հոկտեմբերի 8-ին, Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու և իր ունեցած 80 կործանիչները արդիականացնելու համար։

2022 թ․-ի հունիսի 29-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ընթացքում Էրդողանը խոսել է Թուրքիայի` F-16 կործանիչների արդիականացման և նոր ռազմական ինքնաթիռների պահանջի մասին։ Ինչպես հայտնում էին թուրքական աղբյուրները, Բայդենը բառացի նշել էր«Վաշինգտոնում վայրէջք կատարելուն պես կաշխատեմ F-16-երի հարցը լուծելու համար և ջանքեր կգործադրեմ, որպեսզի այն ընդունվի Կոնգրեսի կողմից»։

Ասուլիսի ընթացքում Բայդենը հաստատել էր այս լուրերը՝ նշելով․ «Ինչպես ես ասել էի դեկտեմբերին, մենք պետք է վաճառենք F-16 ինքնաթիռները և արդիականացնենք դրանք։ Մեր շահերից չի բխում դա չանելը։ Ես դեկտեմբերից ի վեր իմ դիրքորոշումը ընդհանրապես չեմ փոխել։ Ինձ պետք է Կոնգրեսի հավանությունը դա անելու համար և ես կարծում եմ՝ մենք կստանանք այն»։

Հուլիսի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է երկրի պաշտպանական բյուջեի մեջ փոփոխությունը, որով խստացվում են Թուրքիային F-16-ների մատակարարման պահանջները։ Այն արգելում է ԱՄՆ վարչակազմին վաճառել Թուրքիային F-16-ները կամ թույլատրել ինքնաթիռների և դրանց արդիականացման բաղադրիչների արտահանումը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը Կոնգրեսին չի հաստատել, որ սարքավորումների նման փոխանցումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը պետք է մանրամասն նկարագրի այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, որ F-16-ները չօգտագործվեն Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ ականատես ենք, թե ինչպես է Թուրքիային հաջողվում հմտորեն մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ բարձրացնելով իր աշխարհաքաղաքական կշիռը։ Նախ, Թուրքիան հանդես եկավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելությունը ստանձնելու նախաձեռնությամբ։ Թուրքական դիվանագիտության խոշոր հաղթանակներից էր ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն ու դրա արդյունքում ստորագրված փաստաթուղթը, որը ստորագրվել է նաև Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի կողմից։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ Թուրքիան չի միացել հակառուսական պատժամիջոցներին։ Թուրքիան երկար ժամանակ դիվանագիտական առևտուր էր իրականացնում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, որն, ի դեպ, շարունակվում է առ այսօր։ Իսկ հիմա ականատես ենք, թե ինչպես չհրաժարվելով ռուսական С-400-ներից՝ Թուրքիան ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ F-16-ների գնման և արդիականացման հարցում՝ շահելով ԱՄՆ նախագահի աջակցությունը։

Ըստ էության, Թուրքիան հստակ ցուցադրում է, որ ՆԱՏՕ անդամ լինելով հանդերձ՝ ինքնուրույն է իր արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու հարցում։ Չնայած նրան, որ Թուրքիան պատերազմի ընթացքում առաջնային պլան է մղել իր շահերը և ոչ դաշնակցային պարտավորությունները, և մի շարք քայլեր առաջ են բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ անդամ մյուս դաշնակիցների դժգոհությունը, այնուամենայնիվ Արևմուտքն ու ԱՄՆ-ը բավական զգուշավոր են Թուրքիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևոր նշանակությունը Արևմուտքի համար տարածաշրջանում ռուսական ազդեցությանը հակակշռելու հարցում։ Եվ թեկուզ ժամանակ առ ժամանակ երկու երկրների հարաբերությունները լարվում են, այնուամենայնիվ Թուրքիան և ԱՄՆ-ն կապված են բազմաթիվ ընդհանուր շահերով, ինչն, ի վերջո, ստիպում է գնալ փոխշահավետ զիջումների ոչ առանցքային հարցերում, օրինակ՝ Թուրքիայի համաձայնությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, և դրա դիմաց՝ Բայդենի կողմից «կանաչ լույսը» F-16-ների վաճառքի հարցում։

 

Related Posts

2 thoughts on “Արևելյան առևտրի թուրքական երանգները

  1. Hello .!
    I came across a 143 very cool resource that I think you should dive into.
    This site is packed with a lot of useful information that you might find valuable.
    It has everything you could possibly need, so be sure to give it a visit!
    https://www.androidgigs.com/free-live-streaming-apps-to-watch-shows-sports-news/

    Additionally remember not to neglect, everyone, — one always are able to inside this particular article discover responses for the most most tangled questions. We attempted to present all of the information via the most extremely accessible way.

  2. Hello team!
    I came across a 143 fantastic tool that I think you should explore.
    This tool is packed with a lot of useful information that you might find interesting.
    It has everything you could possibly need, so be sure to give it a visit!
    https://webmobistar.com/technology-basics-we-must-know-about/

    Furthermore don’t forget, folks, which you always may inside the publication find responses to address your the absolute confusing queries. The authors made an effort — explain the complete content via the most extremely understandable way.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *