Վերլուծություն

Ի՞նչ է պետք իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

28 / 11 / 2022

Հայկական ժամանակակից քաղաքական դաշտում ռուս-թուրքական հարաբերությունների մասին տարբեր ու հակասական կարծիքներ և մեկնաբանություններ են տարածված: Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ Ռուսաստանն ու Թուրքիան հանդիսանում են թշնամի պետություններ, մարդկանց մեկ ուրիշ խումբ կարծում է, որ այս երկու պետությունները համագործակցում են, ավելին՝ Հայաստանին հասցվող բոլոր վնասների և հարվածների հետևում կանգնած են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Ռուսաստանը:

Այնուամենայնիվ, սրանք պետություններ են, որոնք պատմության ընթացքում միմյանց դեմ փաստացի պատերազմել են 24 անգամ, և որոնց շահերն այժմ էլ բախվում են աշխարհաքաղաքական բազմաթիվ կիզակետերում: Չնայած այս փաստին՝ բավական տարածված են ռուս-թուրքական «բարեկամության» մասին խոսակցությունները: «Հայկական ալիքը» բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում ռուս-թուրքական հարաբերությունները մեր օրերում:

Արդյո՞ք իրականում գոյություն ունի «ռուս-թուրքական բարեկամությունը», թե՞` ոչ:

Թուրքիան տարածաշրջանային խոշոր տերություն է, իսկ Ռուսաստանը՝ գերտերություն: Երկու պետությունները ցամաքային ընդհանուր սահման չունեն, իսկ ջրային սահմանն անցնում է Սև ծովով: Եվ չնայած նրանց հարաբերություններում առկա որոշակի կայունությանը և տնտեսական համագործակցությանը՝ երկու պետությունների աշխարհաքաղաքական լարված պայքարն ընթանում է գրեթե միևնույն գոտիների համար: Ըստ էության՝ երկկողմանի հարաբերություններում համեմատաբար խաղաղ կամ ոչ ճգնաժամային փուլերը արագ փոխարինվել են պատերազմներով: Դեռևս 1869թ. Օսմանյան կայսրության պետական գործիչ Ֆուադ փաշան Ռուսաստանը որակել էր որպես «Օսմանյան կայսրության բնական թշնամի»: Ռուս-թուրքական հակամարտության մի այլ պատկերավոր բնորոշում է տվել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը. «Երեք բանի մի՛ հավատա. կնոջը, թուրքին, չխմող մարդուն»: Ռուս-թուրքական հակամարտության էական բաղադրիչ է շարունակում մնալ նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է 1952 թվականից և փաստացի գտնվում է արևմտյան ռազմա-քաղաքական դաշինքի ծիրում։ Այս տրամաբանության շրջանակներում էլ ընթանում է երկու պետությունների միջև հարաբերությունների ծավալումը՝ ունենալով տարբեր դրսևորումներ՝ փաստացի ռազմական բախումից մինչև տնտեսական համագործակցություն։ Այսօր ռուս-թուրքական հակամարտության այս բազմաշերտ ձևաչափի դրսևորումներին կարելի է հետևել միաժամանակ մի քանի տարբեր գոտիներում։

Որո՞նք են այն կետերը, որտեղ բախվում են ռուս-թուրքական շահերը

Մեծ Մերձավոր Արևելք

Մեծ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում որոշիչ դեր է ունեցել սիրիական հակամարտությունը: 2011 թվականին Սիրիայում սկսվեց քաղաքական ճգնաժամ: Թուրքիան, օգտվելով արաբական աշխարհում տեղի ունեցող ցնցումներից, փորձեց մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանային ավելի մեծ նպատակների հասնելու համար Անկարան, վտանգի տակ դնելով Դամասկոսի հետ հարաբերությունները և աջակցելով զինյալ ապստամբ խմբավորումներին, սկսեց ճնշում գործադրել Բաշար ալ-Ասադի կառավարության վրա։ Սիրիայում Թուրքիայի հաջողությունը նշանակում էր Թուրքիայի դիրքերի ամրապնդում այլ հարակից գոտիներում՝ այդ թվում Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, ինչը նոր սպառնալիքներ էր ստեղծելու Ռուսաստանի անվատանգության համար։ Ուստի Ռուսաստանը ևս ներգրավվեց սիրիական պատերազմում՝ աջակցելով Սիրիայի օրինական իշխանություններին և փաստացի պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի դեմ։ Ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին լարվել: 2015 թվականի նոյեմբերին թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի հետ սահմանին խոցեցին ռուսական ՍՈՒ-24Մ ինքնաթիռը: ՌԴ նախագահ Պուտինը, կատարվածը որակելով «հարված թիկունքից»՝ կատարված ահաբեկիչների կողմից, նշել էր, որ դա լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով դադարեցվեց գրեթե կես տարի: Ռուսաստանը մասամբ սառեցրեց երկու երկրների միջև տնտեսական կապերը, ինչը հանգեցրեց երկկողմ առևտրի անկմանը:

Սիրիական ճգնաժամը շարունակվում է ու, թեև կողմերը հասցրել են ստեղծել երկխոսության որոշակի մեխանիզմներ, սակայն բուն հակամարտությունն ու պայքարը միևնույն գոտում գտնվող հակադիր շահերի համար պահպանվում է։

Մեծ Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական հակամարտության այլ գոտիներից են Լիբիան, Իրաքը և այլն։

Կենտրոնական Ասիա

Ռուսաստանի և Թուրքիայի համար առաջնային մրցակցային շրջաններից են հետխորհրդային թյուրքալեզու երկրները (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), որտեղ այս երկու պետություններից յուրաքանչյուրը ցանկանում է հաստատել կամ պահպանվել ու ընդլայնել իր ազդեցության գոտին: Կենտրոնական Ասիայի երկրները միշտ եղել և մնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում։ Թուրքիան այս պետություններում իր ազդեցությունը մեծացնելու համար տանում է մեծածավալ և բազմաբևեռ աշխատանք՝ ձգտելով սերտացնել լեզվական, կրոնական, մշակութային կապերը Կովկասի և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ։ Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված կարևոր քայլերից է 2009 թվականին ստեղծված Թյուրքական երկրների կազմակերպությունը (ի սկզբանե՝ Թյուրքական խորհուրդ), որին անդամակցում են վերոնշյալ բոլոր թյուրքալեզու պետությունները, և որն ունի ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման միտումներ։

Հարավային Կովկաս

Ռուսաստան-Թուրքիա մրցակցության հաջորդ թատերաբեմը Հարավային Կովկասն է: Այս երկու պետությունների միջև մրցակցությունը սկսվել է դեռևս 18-րդ դարից, երբ Ռուսական կայսրությունը հայտնվեց Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական ավելի մեծ նպատակներ հետապնդելով՝ փորձում էր մեծացնել իր ներկայությունը։ Թուրքիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես «կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա»: Նախիջևանը համարելով թյուրքական աշխարհի դարպասը՝ Թուրքիան մինչ օրս շարունակում է այդ դարպասը «բացելու» քաղաքականությունը: Այստեղ Թուրքիայի ճանապարհին պատնեշ է հանդիսանում Հայաստանը, որը Ռուսաստանի դաշնակիցն է տարածաշրջանում: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան պարբերաբար փորձել է հայկական քաղաքական գործոնի հաշվին մեծացնել Հարավային Կովկասում իր ազդեցությունը, սակայն էական հաջողություններ չէր կարողացել գրանցել։ Միայն 2018-ից հետո Թուրքիան կարողացավ զգալիորեն ընդլայնել իր գործունեությունը, իսկ 2020 թվականից հետո լիարժեք ներգրավվեց Հարավային Կովկասի բոլոր երկրներում՝ այդպիսով նաև նվազեցնելով Ռուսասատանի ազդեցություն։

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը բավականին փոխվել է։ Այն Հայաստանը, որը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, ուներ հսկողություն Արցախի տարածքների նկատմամբ, կորցրել է այդ տարածքի 75%-ը, ինչպես նաև ադրբեջանական կողմը 2020 թվականի պատերազմից հետո օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի առնվազն 220 քկմ: Բայց չնայած իրավիճակի փոփոխությանը` Հայաստանն առաջին հերթին  իր աշխարհագրական դիրքի շնորհիվ շարունակում է հանդիսանալ խանգարող հանգամանք Թուրքիայի համար՝ հասնելու իր ծավալապաշտական նկրտումներին: Պատահական չէ, որ թուրքական քաղաքականության մեջ Հայաստանն անվանում են արգելք՝ «անիծյալ սեպ»:

Ինչպես արդեն նշվեց, Ադրբեջանը և՛ թյուրքախոս, և՛ հետխորհրդային պետություն է: 44-օրյա պատերազմից հետո այդ արհեստածին պետության՝ Թուրքիայի «կրտսեր եղբոր» կարգավիճակի մեջ վերջնականապես մտնելը Թուրքիայի համար, կարելի է ասել, խաղաքարտ էր ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ադրբեջանը ներկայումս մեծամասամբ գտնվում է թուրքական ազդեցության գոտում:

Հարավային Կովկասում թուրքական կողմը շահարկում էր նաև Աբխազիայի և Օսեթիայի հարցը:

Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվում են նաև Բալկաններում, Սև ծովում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում և բոլոր այն շրջաններում, որտեղ կա թյուրքախոս բնակչություն:

Հայացք դեպի անցյալ. այն, ինչի մասին ինչ-ինչ պատճառներով չի խոսում գրեթե ոչ ոք

Հայ հասարակության մեջ տարբեր մակարդակներում ռուս-թուրքական հակամարտության միայն մեկ դրվագը՝ 1918-1920-ականներին բոլշևիկների և քեմալականների հարաբերությունները հասարակական տարբեր խմբերում, թերևս, ամենաքննարկվող թեմաներից են: Քննարկումները մեծամասամբ իրականացվում են հակառուսական համատեքստում, և որպես ներկայումս տիրող իրավիճակի զարգացման ամենահնարավոր սցենար բերվում են հենց այս պատմական կարճաժամկետ հարաբերությունները: Գրեթե միշտ խոսվում է այդ ժամանակի ռուս-թուրքական համագործակցության մասին, որն, իբրև, ամբողջությամբ դեմ էր Հայաստանին: Կան կետեր,սակայն, որոնց մասին գրեթե չի խոսվում կամ շատ քիչ է անդրադարձ կատարվում: Նախ պետք է տարբերակել բոլշևիկների և քեմալականների համագործակցության շրջանը դրան նախորդող և հաջորդող շրջաններից: Այս պարագայում երկու կողմերն էլ ունեին իշխանության հասնելու խնդիր՝ ռուսական կողմում բոլշևիկները, իսկ Թուրքիայում՝ քեմալականները: Միայն այդ կարճաժամկետ շրջանը չի կարող, սակայն, ճշգրիտ և լիովին նկարագրել գրեթե 300 տարի տևող հարաբերությունները երկու պետությունների միջև: Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունները թշնամական են եղել, ինչի տարբեր դրսևորումները տեսնում ենք մինչ օրս, արտահայտվել և արտահայտվում է բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչների խոսույթում: Թուրք քաղաքական գործիչ և լրագրող Ասըմ Ուսը գրել է. «Բոլշևիկյան Ռուսաստանը ստիպեց, որ մոռանանք ցարական Ռուսաստանի թշնամանքը մեր հանդեպ»: Սակայն տեսնում ենք, որ այդ կարճաժամկետ հարաբերություններն ավելի ուժեղ չգտնվեցին, քան տասնամյակների թշնամանքը միմյանց նկատմամբ, բազմաթիվ պատերազմները, հակադիր շահերը և այլն:

Ներկայիս իրավիճակը թեև շատ հարցերում նման է 100-ամյա վաղեմության դեպքերին, սակայն լիակատար նմանություն չկա: Իրավիճակի համատեքստերի տարբերություն կա, որը շատ դեպքերում հաշվի չի առնվում:

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ծիրում այսօր. ի՞նչ պետք է հասկանալ

Ռուսաստանին, որն արդեն 9 ամիս է, ինչ գտնվում է ռազմական բախման մեջ Ուկրաինայի հետ, արդյո՞ք պետք է ռազմական գործողությունների երկրորդ ճակատ:

Ակնհայտ է Ռուսաստանի առավել զգույշ քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ մասնավորապես Թուրքիայի հետ: Սա ավելի վառ դրսևորվում է հատկապես հիմա, երբ Ռուսաստանի գրեթե ողջ ռեսուրսները կենտրոնացված են Ուկրաինայում: Թուրքիայի հետ կապված ցանկացած անզգույշ քայլ կարող է նոր և մեծ բախման ճակատ բացել Ռուսաստանի համար:

Ռուսաստանի համար մեկ այլ խնդիր է այն, որ Թուրքիան գտնվում է Արևմուտքի ազդեցության գոտում: Ինչպես արդեն նշվեց, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, և Արևմուտքն է զինում Թուրքիային: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կարելի է հանդիպել Թուրքիայում ռուսական ազդեցությունը մեծացնելու և Թուրքիային Արևմուտքի ազդեցության գոտուց հանելու շատ անգամներ փորձված քայլերի՝ հիմնականում տնտեսական համագործակցության տեսքով (ինչպես օրինակ՝ մեր օրերում համատեղ ատոմակայանի կառուցումը Թուրքիայում), որոնք, ի դեպ,միշտ չէ, որ ավարտվում են հաջողությամբ: 

Իհարկե, Հայաստանը գերկարևոր դեր ունի ռուս-թուրքական հարաբերություններում: Ռուսաստանը միակ երկիրն է, որը ներկայումս Թուրքիայի տարածք հանդիսացող հայկական հողերը պետական մակարդակով կոչել է «Արևմտյան Հայաստան»: Խոսքը վերաբերում է ՌԴ Պետական Դումայի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին:

Այսպիսով, Ռուսաստանին և Թուրքիային կարելի է համարել հակամարտող կողմեր, որոնք, սակայն, որոշ դեպքերում կարող են գործակցել ըստ իրավիճակի և կոնկրետ համատեքստի: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան աշխարհաքաղաքական այս իրադրությունում, կարելի է ասել, բավականին հարաբերական է։

Մարիամ Մարգարյան

Related Posts

4 thoughts on “Ի՞նչ է պետք իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

  1. I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

  2. Your article helped me a lot, is there any more related content? Thanks!

  3. Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.

  4. Kaleicoda says:

    Came in for one specific question and got answers to three I had not even thought to ask, and a look at firstisnotequallast extended that bonus value pattern, the kind of resource that anticipates reader needs rather than just answering the literal question asked is the gold standard and this site reaches it.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *